Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ
ՀԱՅՏՆԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ
ԿՐԿԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՐԿԵՍ
ՄԱՄՈՒԼԸ ԿՐԿԵՍԻ ՄԱՍԻՆ
 
clown

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՐԿԵՍ
Դարերից եկող ազգային կրկեսային կատարողական լավագույն ավանդույթներն իրենց զարգացումն են գտել Սովետական Հայաստանում: Կրկեսի հայ արտիստները մինչև 1956-ը հանդես են եկել պետական կրկեսների կենտրոնական վարչության համակարգի զարգացման կոլեկտիվներում:
Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել է հեծանվորդներ Վարդանովների ընտանիքը: XX դ. սկզբին տարբեր կրկեսներում հաջողությամբ գործել են Ա. Մինասովը (ակրոբատ), էկվիլիբրիստներ Մանուկյանների ընտանիքը (Ռ. Մանուկյանն առաջինն է արժանացել ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման):
1956-ին, հայկական արվեսստի և գրականության տասնօրյակի նախօրեին, ստեղծվել է հայկական կրկեսի կոլեկտիվը (1961-ից՝ Երևան), որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչվաճ էկվիլիբրիստ Վ. Արզումանյանը: Կոլեկտիվի առջև դրված էր ազգային ինքնատիպ կրկես ստեղծելու խնդիրը: Կոլեկտիվում իր ստեղծագործությամբ որոշակի տեղ ուներ ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի Ն. Շիրայը:
Տրյուկը և կերպարը ճշգչիտ գոյակցել են ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Ա. Մաղդասյանի «Բրոնզե մարդիկ» համարում, որը ներկայացվել է խմբային ակրոբատիկայի ժանրով:
Ուժային ակրոբատիկայի ժանրում հաջողությամբ հանդես են եկել Ռ. Մանասարյանը և Ռ. Կասեևը: Պլաստիկ էտյուդով ելույթ է ունեցել Ն. Պապյանը, վարժեցված շնիկներով` Հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստ Շ. Գևորգյանը, ծաղրածուական համարներով` Ռ. Հարությունյանը և Լ. Միներելյանը:
ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Ս. Իսահակյանը սովետական կրկեսի նոր ուղղության վարժեցնողն է: Նրա «Կենդանիների խաղը խումբ» ատրակցիոնի հիմքը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս Քաջ Նազարի արկածներն են:

Հայկական կրկոսի կոլեկտիվի լավագույն համարները մտել են սովետական կրկեսի հավաքական ծրագրի մեջ: Օդային մարմնամարզուհի ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի Ե. Ավանեսովայի համարներն աչքի են ընկել կատարման բարձր տեխնիկայով: Իրենց ինքնատիպ արվեստով առանձնանում են Ի. Շեստուան և Ասատրյան եղբայրները:
Հայկական կրկեսի և թատրոնի ավանդույթները խիստ կապված են միմյանց: Թատրոնը կրկեսից ժառանգել է կատարյալ տեխնիկա, ճշգրտություն, կրկեսը թատրոնից` համարների թեմատիկ բնույթը: Լարախաղացների արվեստը թատրոնի և կրկեսի դարավր կապի վկայությունն է:
Հայկական կրկեսի լարախաղացներ Գ. Գրիգորյանի, Ս. Մինասյանի, Ն. Մանուկյանի, Ա. Ղարիբյանի ելույթներն ուղեկցվել են հայկական ժողովրդական գործիքների նվագակցությամբ: Կրկեսային արվեստի զարգացմանը մեծապես նպաստել են ակրոբատ էքսցենտրիկների (ղեկ. Հ. Խասխազյան) և ակրոբատ- ցատկորդների (ղեկ. ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Ա. Դուդուկչյան) խմբերը:
Երկար տարիներ հայկական կրկեսի կոլեկտիվում է աշխատում ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Բ. Ղազարյանը (1973-ից` հայկական կրկեսի կոլեկտիվի ղեկ.): Նա ղեկավարում է «Ակրոբատներ գնդերի վրա» համարը, ուր դրսևորված է սպորտի անխզելի կապը կրկեսի հետ: Նորարար արտիստ Վ. Բենյամինովը (Բենյամինյան) մշակել է «Անցասանդուղք» ինքնատիպ տրյուկային համարը:
Հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստներ, եղբայրներ Մ. և Ռ. Հակոբյանները (օդային մարմնամարզիկներ) տրյուկներով ստեղծել են թեմատիկ ներկայացում: 1969-ից Մ. Հակոբյանը կնոջ` Ա. Հակոբյանի հետ հանդես է եկել որպես ձեռնածու: Ռ. Հակոբյանի (ծաղրածու 1972-ից) արվեստը տոգորված է լավատեսությամբ:
Հայկական կրկեսում մեծ ծառայություն ունի ծաղրածու, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Վ. Մելիքջանյանը: Երաժշտական էքսցենտրիկայի ժանրում հաջողությամբ ստեղծագործում են ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի Բ. Մարտիրոսյանը, Ս. Դանիելյանը և Գ. Սարգսյանը:
ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Մ. Բաղդասարովը վարժեցված գազաններով ստեղծել է «Սասունցի Դավիթ» խառն ատրակցիոնը: Հայկական կրկեսի կոլեկտիվում գործում են` Ն. և Գ. Մինասովների «Արջի բենիֆիս» ատրակցիոնը, Վ. Արզումանովայի «Վարժեցված շնիկները», Գ. Բաղդասարովի «Վարժեցված իշուկները», Ռ. Նիկողոսյանի ղեկավարած «Խմբային աճպարարները», էկվիլիստներ Ի. և Ռ. Սարոդյանները, սալտոմորտալիստ (ձիու վրա) Յ. Սարգսյանը, «Ուրախ հովիվներ» Կ. և Լ. Գալստյանները, «Գեղարվեստական - ակրոբատիկ կանանց խումբը»` Ռ. Ղազարյանի գլխավորությամբ, ուժային ակրոբատներ Կ. և Գ. Գասպարյանները, ծաղրածու Ա. Փիլոսյանը և ուրիշներ:
Հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը ստեղծել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լ. Ենգիբարյանը: Նա ստեղծել է ավանդական ծաղրածուի դիմակ` մերթ տխուր, մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համարձակ, բացահայտելով մարդկային ապրումների մի ամբողջ հաջորդականություն: Նա օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու հատկությամբ, տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին: Ենգիբարյանին բնորոշ էր անհանգիստ երևակայությունը և ծիծաղելին արագ ընկալելու ունակությունը: Ելնելով իրավիճակից, նա կարողանում էր անմիջապես փոխել ծրագիրը` թե տրյուկային թե` իմաստային լուծման առումով: Ենգիբարյանի տարերքը մնջախաղն էր և նա ստեղծել է իր` ենգիբարյանական մնջախաղը:
«Հայկական ժողովրդական խաղեր» համարով (ռեժիսոր Լ. Ենգիբարյան) հանդես է եկել հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների դափնեկիր Ս. Պետրոսյանը (1985-ից` հայկական կրկեսի գլխավոր ռեժիսոր, 2003 թ-ից նաև  պետկրկեսի  տնօրեն, իսկ 2006թ-ից «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի  գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար:):
1972 թ-ին, Երևանի Շահումյանի պիոներների  պալատում   կազմակերպվել է Լ. Ենգիբարյանի անվան մանկական կրկեսային ստուդիա, որը 1981-ին արժանացել է ժողովրդական կոլեկտիվի կոչման, իսկ 1997թ-ից այն գործում է Երևանի կրկեսին կից:

 
Արվեստագիտության թեկնածու Պրոֆեսոր Սոս Պետրոսյան  
       
  circus circus    
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության