Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Լեոնիդ Ենգիբարյանը տեխնիկական և թատերական վարպետությունը սինթեզած առաջին ծաղրածուն է. Սոս Պետրոսյան


 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնիդ Ենգիբարովի մեծությունն այն է, որ նա առաջին անգամ կրկեսի ծաղրածուների մեջ սինթեզեց տեխնիկական մասը և թատերական վարպետությունը: Այս մասին ապրիլի 30-ին Լեոնիդ Ենգիբարովի 80-ամյակին նվիրված երեկոյից առաջ լրագրողների հետ նշեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային միության գործիչների նախագահ Սոս Պետրոսյանը:

«Երբ դերասաններս կրկեսում ելույթ ենք ունենում, ծաղրածուն պետք է լրացնի մեր դադարները, բայց Ենգիբարովն ստեղծեց մի արվեստ, որ տեղի ունեցավ հակառակը՝  արտիստները լրացնում էին նրա ելույթների դադարները: Այդպիսի բան չի եղել և չի կարող լինել, բացի մեծն Ենգիբարյանի գործից», - ասաց Սոս Պետրոսյանը:

ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանն աշխատել է «Հայֆիլմի» արդեն դասական դարձած մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ և «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի վրա, որտեղ էլ ծանոթացել է Ենգիբարով արտիստի և մարդու հետ: Նկարիչը պատմեց, որ երբ Ենգիբարովը պետք է նկարահանվեր ֆիլում, նրա առջև պայման էին դրել, որ նկարահանումների հետ միաժամանակ նա պետք է շարունակի աշխատել կրկեսում: Արդյունքում՝ նկարահանող խումբը կրկեսի հետևից գնաց Կիև, որտեղ հյուրախաղերով պետք է հանդես գար նաև Ենգիբարովը:

«Ենգիբարովը վախենում էր նկարահանվել, և ասում էր, որ դերասան չի, սակայն Հենրիկ Մալյանը համոզեց նրան՝ ասելով, որ նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին կա: Եվ Ենգիբարովը այդպես էլ խաղում էր: Նա շատ անմիջական և բարի մարդ էր, և անում էր ամենը շատ անմիջական՝ առանց  ձևերի», - ասաց Ստեփան Անդրանիկյանը:

Նա հավելեց, որ Կիևում երեք ամիս մեկ սենյակում ապրել է Ենգիբարովի հետ և հնարավորություն ունեցել ճանաչելու նրան: Եվ քանի որ Ենգիբարովը սովորություն ուներ տանից դուրս գալ արդեն գրիմով և վերադառնալ կրկին գրիմով, նկարիչին հաջողվել էր համոզել արտիստին նկարել նրա դիմանկարը գրիմով: Եվ այդ աշխատանքը Մոսկվայի տանը կայացած երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև հանդիսատեսին:

Լեոնիդ Ենգիբարովին նվիրված հոբելյանական միջոցառումները Երևանի կրկեսն սկսել է դեռ հունվարից, սակայն այսօրվա հուշ-երեկոն իրականացվեց Մնջախաղի թատրոնի հետ, որտեղ դերասաններն իրենց մանրապատումներով հարգանքի տուրք մատուցեցին մեծ ծաղրածուին: Իսկ սեպտեմբերին արդեն պետական մակարդակով կնշվի Լեոնիդ Ենգիբարովի 80-ամյակը:

Հուշ-երեկոն իրականացավ Մոսկվայի տանը՝ Մոսկվայի կառավարության և արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության հովանավորությամբ:

 

Աղբյուր`
 
 
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության