Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Սոս Պետրոսյան. «Մարզերից գալիս էին կրկես, ГАИ-ն բոլորի համարները հանում էր»

 


Երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում 10 միջազգային մրցույթի է մասնակցել որպես ժյուրիի անդամ ու համոզվել, որ Երեւանյան կրկեսի նմանը չկա: «Թվում է, թե հասարակ բան է, բայց մեր կրկեսը միակն է, որն ունի երկհարկանի ավտոկայանատեղի, օրինակ` Մոսկվայի կրկեսները ավտոկայանատեղի չունեն, նրանք տարածքներ են վարձում»,-ասում է մեր զրուցակիցը: Նրա խոսքերով, «Կրկեսի շինարարությունը շարունակվում է բարձր մակարդակով, եւ «Տաշիր գրուպն » անում է ամեն ինչ, որ ունենանք լավ կրկես: Մնում է միայն կենդանիների տեղի հարցը լուծվի, որովհետեւ տարածքը շատ սեղմ է: Վերջերս Աստանայում էի, ապշեցի, թե ինչ տարածք ունեին, քիչ էր մնում հոնգուր-հոնգուր լաց լինեի…Այ քեզ տարածք, ամբողջ ժողովուրդը գալիս- զբոսնում է, լողավազաններ, բաներ…Ճիշտ է, մեր տարածքը փոքր է, բայց մեր կրկեսն էլ կլինի տարածաշրջանում լավագույնը: Նախկինում մեր կրկեսի բարձրությունը 17 մետր էր, եւ մենք չէինք կարողանում օդային լավ ատրակցիոններ բերել, օդային մարմնամարզիկների հրավիրել, մինչդեռ կյանքն առաջ է գնում, կրկեսային արվեստը ` զարգանում: Իսկ հիմա արդեն 24 մետր բարձրություն ունենք, կկարողանանք ամեն ինչ ներկայացնել` էլ կրկես ջրի վրա, էլ կրկես սառույցի վրա …»: Պարոն Պետրոսյանը հավելեց, որ 1,5 տարուց կրկեսը կընդունի այցելուներին, այժմ ներքին հարդարման աշխատանքներն են կատարվում: Իսկ կոլեկտիվը, նրա հավաստմամբ, այս ընթացքում էլ դադար չի տվել: «Մեր ժողովուրդը կրկես սիրող է, առաջ մարզերից ավտոբուսներով գալիս էին կրկես, տեղ չկար կանգնելու, հասնում էին մինչեւ Սունդուկյան թատրոն: Ներկայացումը նայում էին ու հետո հարցնում էին, թե ուր է Սոս Պետրոսյանը, որովհետեւ բոլորի համարները ГАИ-ն հանում էր` չէր կարելի էդտեղ կանգնել, ու ես ստիպված մինչեւ ուշ գիշեր բոլորի համարները խնդրում, հետ էի վերադարձնում, որ մարդիկ հասնեին իրենց մարզեր, իսկ հիմա երկու հարկ ավտոկայանատեղի ունենք»,-ասում է արվեստագետը: Սոս Պետրոսյանը նաեւ անկեղծանում է, որ վերջերս արվեստի վաստակավոր գործչի կոչում ստանալիս ՀՀ նախագահը հարցրել է` «Սոս, դու հետեւո՞ւմ ես, որ կրկեսը լավը լինի, հետեւի…»: Aravot.am-ը Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց` Լեւոն Թոքմաջյանի կերտած Լեոնիդ Ենգիբարյանի արձանը կրկին կտեղադրվի՞. կրկեսի մոտ: «Իհարկե կլինի, պահում ենք այն…Իհարկե մի մասին դուր է գալիս, մի մասին` ոչ, բայց իմ կարծիքով օրիգինալ գործ է, եւ անպայման կտեղադրվի մեր մուտքի մոտ»,-հավաստիացրեց կրկեսի գեղարվեստական ղեկավարը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/08/18/903050/ 

© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության