Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Ալլա Պուգաչովան շալախո է նվագում Սոս Պետրոսյանի համար

 
   


3 Սոս, 3-ն էլ` Պետրոսյան ու կրկեսային գործիչ: Պետրոսյանների տոհմը կրկեսից հեռու գնալ չի կարողանում կամ, ինչպես ժողովուրդն է ասում, պտուղը ծառից հեռու չի ընկնում:
Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի առջև կրկեսի հետաքրքիր աշխարհը բացեց Լեոնիդ Ենգիբարյանը: Հավլաբարում ապրող ֆուտբոլասեր երեխայի ճակատագիրը գլխիվայր փոխվեց, երբ մեծ էկրանին տեսավ Ենգիբարյանի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը:
«Այդ ֆիլմը տեսել եմ 200 անգամ: Ու սկսեցի կրկեսով հետաքրքրվել: Մայրս ուղարկում էր հացի, գլխիս դրած էի բերում, ուղարկում էր լիմոնադ գնելու, օդ թռցնելով էի հասցնում տուն: Մի օր էլ իմացա, որ Ենգիբարյանը գալիս է Թիֆլիս: Ուզում էի մոտենալ նրան, բայց ամաչում էի, բացի այդ լեզվի խնդիր էլ կար. ռուսերեն գիտեի միայն «բարև» և «ցտեսություն» բառերը»,-անթաքույց ժպիտով պատմում է Սոս Պետրոսյանը:
Տեսնելով, որ Ենգիբարյանին մոտենալու այլ ճանապարհ չկա, Պետրոսյանը դիմում է հորը, որը, նրա խոսքով, ճարպիկ մարդ էր: Հայրը գնում է Ենգիբարյանի մոտ ու վերադառնում բարի լուրով` Ենգիբարյանը ցանկանում է տեսնել երեխային: Տեսնելով նրա մեծ պոտենցիալը, կրկեսային հսկան ասում է` դու կլինես երկրորդ հայը, ով կսովորի Մոսկվայի էստրադային և կրկեսային արվեստի ուսումնարանում: Այստեղից սկսվում է Սոս Պետրոսյանի ճանապարհը դեպի կրկես:
«Մեր կուրսում սովորում էին Ալլա Պուգաչովան ու Գենադի Խազանովը: Ավարտական քննություններին պետք է ներկայացնեի իմ հայտնի` վեց դհոլով հնարքը: Պետք էր մեկը, ով շալախո կնվագեր: Արագ գնացի էստրադային ուսումնարան ու աղջիկներին ասացի` կրկեսային ուսումնարանը 19 ռուբլի է տալիս նրան, ով շալախո կնվագի: Ալլա Պուգաչովան կանգնեց ու ասաց` կլինի՞ ես գամ: Այսպիսով նրա երգի տակ դհոլով հնարքս ներկայացրի»,-պատմում է Սոս Պետրոսյանը:
Ներկայացման վերջում հենց Ալլա Պուգաչովան է մոտեցել Սոս Պետրոսյանին ու ասել, որ Ենգիբարյանն ուզում է տեսնել նրան: Այսպես նա մտավ հայկական կրկեսային կոլեկտիվ:
Սոս Պետրոսյան և Ալլա Պուգաչյովա © ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ Սոս Պետրոսյան և Ալլա Պուգաչովա Այսօր Պետրոսյանի գործը շարունակում են տղան և թոռը:
«Մի օր տեսա որդիս`Սոսը, կրկնում է իմ վեց դհոլով հնարքը: Նրա ձեռքից բռնեցի ու տարա Նիկուլինի կրկես, վերջինն էլ նրան միանգամից վերցրեց իր կազմ»,-հիշում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը:
Պետրոսյաններն ու հայտնի արտիստները գործից դուրս դարձան քավոր-սանիկ: Լեոնիդ Ենգիբարյանը Պետրոսյանի որդու, իսկ Յուրի Նիկուլինը` թոռան քավորն է:
Այսօր Սոս Պետրոսյանի համանուն ժառանգները շարունակում են կրկեսային ոլորտում իրենց հաջողությունները: Չինաստանից հետո նրանք գնացին Լաս Վեգասում աշխատելու:
Նախորդ տարի Յուրմալայում անցկացվեց իլյուզիոնիստների միջազգային մրցույթը, որին մասնակցեցին նաև Հայաստանի կրկեսի իլյուզիոնիստներ Սոս և Վիկտորյա Պետրոսյանները, ինչպես նաև նրանց որդին` Սոս Պետրոսյան կրտսերը:
Ամուսինները մրցանակի արժանացան «Աշխարհի լավագույն զգեստափոխություն» (quickchange) անվանակարգում: Ի դեպ, ամուսինները չորս անգամ գրանցվել են «Գինեսի» ռեկորդների գրքում` որպես ամենաարագ զգեստափոխվողներ:
Իսկ Պետրոսյան կրստերը ստացել է «Աշխարհի լավագույն երիտասարդ իլյուզիոնիստ-մոնիպուլյատոր» մրցանակը:
Սոս Պետրոսյանը համարում է, որ ունի ևս 3 հազար երեխա։ Նրանք այն արտիստներն են, որոնք անցել են հայկական կրկեսային դպրոցի ճանապարհով։
Աղբյուր` SPUTNIK
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության