Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Կրկեսն այն «շաբլոն» շենքերից չէ, որ շատ կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի. Սոս Պետրոսյան

 
   


Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք չէ մտահոգվել այն հարցով, թե կրկեսի շենքի կառուցման աշխատանքները երկարում են, կարևորն այն է, որ Հայաստանը կունենա կրկեսի ժամանակակից շենք՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով։
«Բոլորն էլ ուզում են, որ կրկեսի շենքը շուտ կառուցվի և սկսի աշխատել, բայց պետք է հասկանալ, որ կրկեսի շենք կառուցելը շինարարական շատ բարդ գործ է: Կրկեսն այն շաբլոն շենքերից չէ, որ շատ կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի: Կարևորն այն է, որ կունենանք մոդեռնիզացված կրկես»,-ասաց Սոս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսին տեղեկացրել էր, որ 2016 թվականի ընթացքում կիրականացվեն արդեն բուն աշխատանքները, իսկ 2017 թվականին շենքը կհանձնվի շահագործման:
Նրա խոսքով՝ եթե նախկինում հին կրկեսում չէին կարողանում լայնամասշտաբ ներկայացումներ ունենալ, ինչպես, օրինակ, կրկեսը սառույցի վրա, կրկեսը ջրի մեջ, օդային ատրակցիոններ, կենդանիների խմբեր և այլն, հիմա բոլորովին այլ է լինելու:
«Ոչինչ, 30 տարի է՝ «Ռոսիա» կինոթատրոնի շենքը փակել են, մինչև հիմա պետք է բացեն ու չեն բացում, կրկեսի շենքն էլ թող մի քիչ ձգձգվի, դա հարց չի։ Հիմա էլ աշխատանքները շարունակվում են, ու ես շատ գոհ եմ աշխատանքներից։ Ընդհանուր առմամբ, աշխատանքները դանդաղեցին, որովհետև սկզբում ուզում էին ամրացման աշխատանքներ իրականացնել, բայց հետո հասկացան, որ դա սխալ է, որովհետև շենքը պետք է ունենա ավտոկայանատեղի, ու հիմա շենքի տակ երկհարկանի ավտոկայանատեղի կունենանք, որ ներկայացումների ժամանակ խցանումներ չլինեն»,-ասաց նա։
Բացի այդ, Սոս Պետրոսյանը նշեց, որ եթե հին կրկեսը 1500 նստատեղ ուներ, ապա նորն ունենալու է 1000-ով ավելի, այսինքն՝ 2500։
«Ձմեռը ցուրտ էր, ամառը՝ շոգ, իսկ հիմա այդ հարցը ևս լուծվելու է։ Մենք այն ժամանակ ուղղակի գոյատևում էինք»,-ասաց նա։
Հարցին, թե կրկեսի շենքը պատրաստ լինելուց հետո, հայկական կրկեսում եղած կադրերը բավարա՞ր են աշխատանքները սկսելու համար, Սոս Պետրոսյանը պատասխանեց. «Մենք այնքան հայ դերասաններ ունենք, որոնք սփռված են աշխարհով մեկ. նրանցից շատերն ինձ հետ զրույցում հաստատել են իրենց վերադարձի մասին, այդ հարցը մեզ չի կարող մտահոգել: Երբ կրկեսը սկսի աշխատել, եռամսյակը մեկ փոխելու ենք ծրագիրը, դրա համար կոնտրակտ ենք կապելու դերասանների, խմբերի հետ: Կհրավիրվեն նաև եվրոպական և ամերիկյան կրկեսի ներկայացուցիչներ»:
Աղբյուր`
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության