Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Կրկեսի հարկայնությունն ավելացել է, գործը դանդաղում է,
դեռ պետք է սպասել

 


2015-ի ավարտին հաշված օրեր են մնացել, ու ինչպես եւ սպասվում էր` Երեւանի կրկեսն այս տարի էլ չվերսկսեց գործունեությունը: Ի սկզբանե նախատեսված էր, որ շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2014 թվականին, հետո դա երկարաձգվեց մինչեւ 2015-ը, այժմ էլ նշվում է շենքը 2016-ին շահագործման հանձնելու հավանականության մասին: Հիշեցնենք, որ նախկին շինությունը պայթեցվեց-ապամոնտաժվեց դեռ 2012 թվականին` նորը կառուցելու պատճառաբանությամբ: Բայց հայաստանցի փոքրիկները կարծես թե դեռ երկար են սպասելու նորակառույց շենքում կրկեսային ներկայացումներ դիտելու հնարավորությանը: Երեկ այցելեցինք շինարարական հրապարակ, եւ պարզվեց, որ շենքի ընդամենը հինգ հարկն է մասամբ կառուցված` երկուսը ստորգետնյա եւ երեքը` վերգետնյա հատվածում: Շինարարության պատասխանատուներին մենք չհանդիպեցինք, բայց զրուցեցինք նախկին Երեւանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի հետ, որն ասաց` պարբերաբար գալիս է, ծանոթանում աշխատանքների ընթացքին: Նա տեղեկացրեց, որ կրկեսի շենքն ընդհանուր առմամբ կունենա 8 հարկ, որոնցից 6-ը` վերգետնյա: Նկատենք, որ օրինակ 2014-ին հայտարարվում էր, թե կառուցվող շինությանը վերգետնյա 5 հարկ է ունենալու` այժմ նշվող 6-ի փոխարեն: «Աշխատանքները մի քիչ ձգձգվեցին, որովհետեւ շենքը ստանդարտ չէ, կլոր է: Հետո` կրկեսի շենքի տակ ջուր էր, մի տարի ջրահեռացման աշխատանքներ կատարվեցին: Բացի այդ, յուրաքանչյուր հարկի մակերեսը չորս հազար քառակուսի մետր է»,- խոսելով իրականացվող աշխատանքի ծավալների մասին` ասաց Սոս Պետրոսյանը, ապա անդրադառնալով ավտոկայանատեղիների անհրաժեշտությանը` շարունակեց. «Հիշում եմ` նախկինում ներկայացումների ժամանակ ավտոբուսները գյուղերից գալիս, այստեղ կայանում էին, մեկ էլ ճանապարհային ոստիկանությունը բոլորի համարները հանում, տանում էր: Ու այդպես 30 տարի չկարողացա դրա լուծումը գտնել, մեկ էլ ժողովուրդը, որ վերջում պիտի տուն գնար` բացականչում էր` ուր է տնօրենը, ուր է Սոս Պետրոսյանը, գնացեք, բերեք մեր համարները: Ճիշտ էին իրենք ասում: Հետո ես ընկնում էի դեսուդեն, ճանապարհային ոստիկանությունից համարները վերցնում»,- նկարագրեց կրկեսային գործիչը: Նա նշեց, որ կրկեսի արտիստներն այժմ հյուրախաղերի են տարբեր երկրներում. «Չկա մի արտիստ, որը զբաղված չլինի արտասահմանում: Կրկեսը թատրոն չէ, որ սպասեն այսօր Շեքսպիր բեմադրենք, վաղը` Սունդուկյան: Կրկեսը հյուրախաղ է:
Ենգիբարյանը Երեւանի կրկեսում ընդամենը երեք անգամ է եղել: Որպես կրկեսի ղեկավար` ձեզ մի բան ասեմ. տվեք ինձ կրկեսի նորմալ համար, երեք օրից ուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա` բարձր վարձատրվող պայմանագրերով: Այնպես որ, կրկեսի դերասանի դեֆիցիտ կա»: Իսկ երբ արդեն Երեւանի կրկեսը նորից սկսի գործել, ապա պայմանագրեր կկնքվեն այլ արտիստների հետ: «Կրկեսը, ինչպես ֆուտբոլը, պայմանագիր է: Հիմա մենք ստեղծել ենք Կրկեսային գործիչների միություն, ի դեպ, ես էլ նախագահ եմ ընտրվել: Միությունն ունի 3 հազար անդամ դերասաններ, որոնք ցրված են աշխարհով մեկ: Կրկեսային գործիչների միությունը պլանավորում է կրկեսի դերասանների հյուրախաղերը, մենք կհրավիրենք, պայմանագիր կկնքենք, ելույթ կունենան հայ դերասանները, իտալացիները, ֆրանսիացիները: Այնպես որ, շենքի քանդման օրվանից մենք աշխատում ենք կրկեսի ծրագրերի նախապատրաստման ուղղությամբ»,- շարունակեց մեր զրուցակիցը: Նա ասաց նաեւ, թե «Տաշիր գրուպը» հավաստիացրել է, որ ներկայացումների տոմսերը լինելու են մատչելի: Նշենք, որ կրկեսի սեփականատերը հենց այս ընկերությունն է, որը խոստացել է 650 միլիոն դրամի ներդրում կատարել:
Կրկեսի շենքում նախատեսվում է նաեւ ունենալ սննդի օբյեկտ, հյուրանոց:

 
Աղբյուր`
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության