Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

ԿՐԿԵՍԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ


 

Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանի համար մասունքի պես թանկ են Լեոնիդ Ենգիբարյանի անունն ու արվեստը: Տակավին պատանի` մեծատաղանդ արտիստի հետ հանդես է եկել միևնույն արենայում, նրա շնորհիվ հաստատուն առաջաքայլ ունեցել խորհրդային կրկեսում: Հիշատակը հավերժացնելու միտումով ստեղծել էր «Ենգիբարյանի զավակները» կրկեսային ստուդիան: Բնական է, որ սիրելի ուսուցչի ու արտիստի ծննդյան 80-րդ տարեդարձի մեծաշուք նշանավորման ծրագրեր պիտի մտմտար ու ամենևին չգոհանար իր արտիստների հետ ՀՀ մարզերում և զորամասերում կազմակերպված բազմաթիվ ելույթների ենգիբարյանական բովանդակությամբ: ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նախաձեռնվեցին ռուսական հանրահայտ «Իմպերիալ» շապիտո կրկեսի (հիմնադիր գեղարվեստական տնօրեն` Ռուսլան Միշին) տևական հյուրախաղերը Երևանում: Նախամեկնարկային ընդհանուր լրագրահավաքից հետո Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ու «Իմպերիալի» փոխտնօրեն Անդրեյ Միտաչկինը «ԱՎԱՆԳԱՐԴԻ» հետ ունեցած առանձնազրույցում առավելագույնս մանրամասնեցին հոբելյանական աննախադեպ հյուրախաղերի բովանդակային խորքերը:

- Գրեթե բոլոր շապիտո կրկեսները նայեցի: Ի տարբերություն մյուսների, Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալը» բազմազան ծրագիր ունի, մեծաքանակ կենդանիներ,- ասում է Սոս ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: - 1992-ից հետո հետխորհրդային ամբողջ տարածքում մենք այսպիսի բազմաժանր կրկես չենք ունեցել: Ընտրեցինք ամենահարմար տեղը` Կոմիտասի այգում` նախկին Դելֆինարիումը: Սեփական հարկի տակ, ինչպես գիտեք, հյուրընկալել չէինք կարող: Մեր կրկեսի շենքի շինարարությունը երկարաձգվեց, որովհետև հարկ եղավ ոչ թե սոսկ ամրացնել եղածը, այլ հիմնովին քանդել և նոր շենք կառուցել: Արդեն 4-րդ հարկն է բարձրացվել: Խոստանում են հաջորդ տարեվերջին շահագործման հանձնել: Ժամանակակից չափանիշներին հարիր հրաշալի կրկես ենք ունենալու, հավատացնում եմ: Մեր կոլեկտիվն էլ պիտի կարողանա նորովի հետաքրքիր ներկայանալ: Այս տարիներին, հենց հիմա էլ մեր արտիստներն ու կենդանիները ելույթներ են ունենում տարբեր վայրերում: Չնայած` շատերին թվում է, թե մենք ձեռքներս ծալած նստել ենք: Կրկեսը հյուրախաղային արվեստ է: Չկա մի մարդ, որը պարապուրդի մատնված լինի: Զարմանալիորեն մեր հաջողություններով չեն հետաքրքրվում ԶԼՄ-ները: Մշակույթի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դելփյան խաղերում» մեր կրկեսային արտիստները միշտ հաղթող են ճանաչվում: Մի քանի օր առաջ վերադարձանք Յուրմալայից. աճպարարների փառատոնին էինք մասնակցում: Սոս և Վիկտորյա Պետրոսյանները նվաճեցին աշխարհի ամենաարագ զգեստափոխվողների, իմ թոռնիկը` ամենաերիտասարդ աճպարարի տիտղոսները: Կներեք, որ ինքս եմ այս մասին ասում: Մի մարզիկ միջազգային մրցումներում 67-րդ տեղն է գրավում, ամբողջ մամուլը ողողվում է այդ լուրով: Կներեք կրկին... Մենք խորհրդային բարձրարվեստ կրկեսի ժառանգորդներն ենք, ինչպես նաև «Իմպերիալը»` բազմաժանրություն, կենդանիների մեծ խումբ, ճապուկ ու համարձակ արտիստներ: Գիտե՞ք կարևորն ինչն է նաև` այս մեծածավալ ծրագիրը չունի հովանավոր: Այն դեպքում, երբ կենդանիներին կերակրելու համար օրական 100 կգ միս է միայն հարկավոր: Ռիսկի գործոն կա իհարկե, բայց մենք պետք է պատվով հյուրընկալենք «Իմպերիալին»: Կլինեն նաև վարպետաց դասեր «Ենգիբարյանի զավակների» համար:

- Դժվար էր մեր հյուրախաղային խիտ ժամանակացույցը «խմբագրելը»,- Սոս Պետրոսյանի խոսքը լրացնում է «Իմպերիալի» փոխտնօրեն Անդրեյ ՄԻՏԱՉԿԻՆԸ: - Վաղօրոք նախապատրաստված ռուսաստանյան շրջագայություններից բացի նաև արտերկրում ենք հանդես գալիս: Մեզ հետ համագործակցում են Վերնադսկու, Նիկուլինի, ուրիշ հեղինակավոր կրկեսների բազմաթիվ արտիստներ: Վերջապես Սոս Պետրոսյանի հետ մեր կիսամյա բանակցություններից հետո, կոնկրետացավ «Իմպերիալի» առաջին այցը Երևան` ս.թ. օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը: Հավատացնում եմ, որ շքեղ կրկեսային տոն է լինելու Հայաստանում. վարժեցրած ուղտեր ու առյուծներ, ձիեր ու պոնիներ, այլ կենդանիներ` բազմաժանր արտիստների ելույթներ կենդանի երաժշտության և լուսային ժամանակակից տեխնիկայի ուղեկցությամբ, «Լեգիոն» խմբի մենակատար Ալեքսեյ Բուլգակովի երգով, ծաղրածու Մոնյայի կենսախինդ հումորով, «Վիկտորիա» շոու-բալետով ու ... Փակագծերը կիսաբաց թողնենք: Նաև անակնկալներ ենք պատրաստում... Նշենք միայն, որ միջազգային համբավ ունեցող զգայացունց «Մահվան օղակը» բացառիկ կրկեսային վայելք է խոստանում: Առայժմ միայն երևանյան ելույթներ ենք նախատեսել: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա, կշրջենք ամբողջ Հայաստանով, հնարավոր է` Արցախ էլ հասնենք, եթե ծախսատար այդ ուղևորութ յան համար հովանավոր գտնվի: Ինչ վերաբերում է տոմսերի արժեքին, նախնական գինը 2000 դրամ է սահմանված: Սակագնային շերտավորումը կձևավորվի ընթացիկ ծախսերը ծածկելու նպատակամղվածությամբ, քանի որ բոլոր ֆինանսական հոգսերը` գովազդի, արտիստների կեցության, ճանապարհածախսի և այլն, ինքներս ենք ստանձնել: Մենք մեծ շահույթի ակնկալիքով չենք եկել, այլ` պատվելու աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանը: Մեր կրկեսի շահութաբերությունն էլ հարաբերական է. տարբեր քաղաքներում, տարվա տարբեր եղանակներին միշտ տարբեր է լինում: 2005-ին, երբ հիմնվեց «Իմպերիալը», իհարկե, չուներ ներկայիս մասշտաբները: Ռուսլան Վիկտորովիչը թե´ սցենարիստ է, թե´ արտիստ, թե´ պրոդյուսեր, թե´ բեմադրիչ: Ոչ թե ինքնաբավությունից դրդված, այլ կրկես շապիտոյի սեփական մոդելն ապրեցնելու, գունեղացնելու նպատակասլացությունից: Չէ՞ որ «Իմպերիալը» նրա հեղինակային նախագիծն է: Սիրելի կրկեսային արվեստին մեր ազնիվ նվիրումի առաջին հաջողությունը չուշացավ: Միայն 7 տարի անց մեկնեցինք Մոսկվա, Ղազախստան: Մենք ամեն ինչ անում ենք` ժամանակի հետ համաքայլ զարգանալու համար: Հրաշալի վարպետներ ունենք, բայց, ցավոք, ԶԼՄ-ները տարված են միայն էստրադայով և ստվերում են թողնում նրանց: Այդ տխուր իրողությունն ամենևին չի նշանակում, որ կրկեսային արդի արվեստում չկան տաղանդավոր արտիստներ: Արդեն 7 տարուց ավելի է` դատարկ դահլիճ չենք ունեցել: Կառուցվածքը հետխորհրդային կլոր դահլիճներն է հիշեցնում, 850 մարդ տեղավորվում է այնպես, որ բոլորին հավասարապես հարմար լինի ներկայացումը դիտելը: Արտոնյալ պայմաններով անպայման կհյուրընկալենք մանկատան երեխաներին և հաշմանդամներին: Եղանակային պայմաններին հարիր տեխնիկա էլ ունենք, կարծում եմ` հանդիսատեսն իրեն լավ կզգա թե´ շոգին, թե´ ցրտին: Ինքս արդեն 1 ամսից ավելի է, ինչ Երևանում եմ, հասցրել եմ սիրահարվել հայկական մշակույթին, ճանաչել ինքնատիպությունները:

Հավելենք միայն, որ օգոստոսի 29-ին «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում կայանալիք «Իմպերիալի» առաջին ներկայացումը բարեգործական է: Հաջորդիվ ելույթները կլինեն ուրբաթ, շաբաթ, կիրակի, հանգստյան օրերին` 2 սեանսով: Հայաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակը նշանավորող միջոցառումների հյուրախաղային բարձրակետը, հնարավոր է, ծրագրվածից ավելի հանգրվանի Երևանում` վերընձյուղելով հայ-ռուսական կրկեսային համագործակցության հին, բարի ավանդույթները:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

 

 

 
Աղբյուր`
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության