Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

«Նա մեր մանկության ծաղրածուն էր, ում նմաններն այնքան հաճախ չեն ծնվում» Հուշ-երեկո նվիրված Լ. Ենգիբարյանի 80-ամյակին


 

Այս տարի լրանում է հայ կրկեսի դերասան, մնջկատակ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանը, որի առթիվ ամբողջ տարին հայտարարված է ենգիբարյանական:

«Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հատուկ ներկայացում ենք բեմադրել, որով մեր շրջիկ խմբերը հանդես են գալիս բոլոր մարզերում: Վարպետին նվիրված միջոցառումով` երկու ամիս առաջ ներկայացանք Եկատերինբուրգում: Մեզ մոտ` սեպտեմբերին, նախատեսված է մշակույթի նախարարության հետ համատեղ` պետական մակարդակով միջոցառում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը: Խոսելով ապրիլի 30-ին կայանալիք նախագծի մասին` Սոս Պետրոսյանն ասաց, որ Ժիրայր Դադասյանի հետ համատեղ, վաղուց են աշխատում բեմադրության վրա:
«Մի գեղեցիկ ներկայացում ենք բեմադրել` առանց որևէ գումարի և հովանավորչությամբ: Մենք պարտավոր ենք այս գործն անելու: Կարծում եմ` բոլորին հետաքրքիր կլինի: Ներկայացումը կկայանա Մոսկվայի տանը, մուտքն ազատ է լինելու»,- նշեց Սոս Պետրոսյանը:

«Լեոնիդի կերպարն այնքան սիրելի է մեր ժողովրդի համար, որ երբ լսում են նրա անունը` միանգամից ժպիտ է առաջանում: Լեոնիդը որքան կրկեսինն է, այնքան էլ` մնջախաղինն է: Պատահական չէ, որ միջազգային փառատոնը, որն անցկացնում ենք Ծաղկաձորում` 2 տարին մեկ անգամ, կրում է հենց Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Ես ուղղակի վստահ եմ, որ մենք այդ գանձը, այդ սեփականությունը, որ ունենք` պետք է պրոպագանդենք, ու հասանելի դարձնենք ևʹ դրսին, ևʹ մեր նոր սերնդին: Լեոնիդը տիեզերք է, մի արտիստ է, ով ներկայացնում է մի ամբողջություն` իբրև արտիստի իդեալական կերպար: Նա բացառիկ երևույթ է, որն այդքան հաճախ չի ծնվում, և ունենալով այդպիսի արժեք` մենք ուղղակիորեն իրավունք չունենք չպրոպագանդելու»,- ասաց Ժիրայր Դադասյանը: Նրա խոսքով` հուշ երեկոյին կմասնակցեն ևʹ մնջախաղի թատրոնի, ևʹ կրկեսի դերասաններ, նաև կլինեն մարդիկ, ովքեր իրենց հիշողություններով կկիսվեն, որոնք աշխատել են վարպետի հետ: «Նաև համերգային կատարումներ կլինեն, նրան նվիրված երգեր, կամերային երեկո կլինի: Վստահ եմ, որ սեպտեմբերին ավելի խոշոր մի միջոցառում կիրականանա: Մենք ամեն ինչ կանենք, որ դա անպայման տեղի ունենա, քանի որ 80-ամյա հոբելյանը չենք կարող շրջանցել»,- նշեց Ժիրայր Դադասյանը: Ռեժիսորի կարծիքով` մի քիչ տարօրինակ է հնչում, որ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանն է: «Նա մնաց նույն երիտասարդ ու չարաճճի տղան, որը մեր մանկության ծաղրածուն էր, մեր երազի մեջ, մեր հուշերում, նա միշտ կմնա այդպիսին»,- եզրափակեց նա:

Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն էլ հիշեց, որ փորձերի ժամանակ Լեոնիդը սովորություն ուներ բոլոր հնացած իրերը դեն նետելու: «Իսկ ես հավաքում էի դրանք, կարծես զգում էի, որ այդ իրերն ինձ մի օր պետք են գալու: Մեր նոր կրկեսում, երբ շենքն արդեն պատրաստ լինի, կարծում եմ` բոլոր այդ իրերն իրենց տեղը կգտնեն»,-անկեղծացավ Սոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 30-ին, Մոսկվայի տանը, 19:00-ին, տեղի կունենա հուշ երեկո` նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանին:

 


 

Աղբյուր`
 
 
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության