Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը բարձր վարձատրվող աշխատանք է առաջարկում


 

2012 թվականի սեպտեմբերին Երևանի Կրկեսը հավասարեցվեց հողին,  իսկ փոխարենը խոստացան նոր ու ավելի ժամանակակից կրկեսի շենք կառուցել: Սակայն ամիսներն անցնում են, դառնում տարիներ, իսկ Կրկեսի նոր շենքը չկա ու չկա: Իսկ, թե երբ է այն պատրաստ լինելու, ի՞նչ է անում ստեղծագործական կոլեկտիվը, շենքի բացակայության պայմաններում  ինչպե՞ս ենք նշելու Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը և այլ հարցրերի  շուրջ զրուցել ենք «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ:

Պարոն Պետրոսյան, Երևանի Կրկեսի շենքն ի՞նչ եղավ:

Ես ձեզանից շատ եմ սպասում: Վերջին տվյալներով պետք է մինչև հաջորդ տարվա վերջ պատրաստ լինի: Ունենալու է բոլոր հարմարությունները: Ճարտարապետը մոսկվաբնակ Վահագն Վերմիշյանն է:

Այն ժամանակ ձմեռը դրսում ավելի տաք էր, քան ներսում, ամռանը ներսում ավելի շոգ էր, քան դրսում ու այդպես յոլլա ենք տարել: Էլ չեմ խոսում պատի ծեփերի մասին, որ անընդհատ թափվում էին: Տեխնիկական տեսանկյունից Երևանի Կրկեսը շատ հետ էր: Չէինք կարողանում այնպիսի բեմադրություններ ներկայացնել, ինչպիսին է, օրինակ կրկեսը սառույցի վրա, ջրի մեջ…

Ուստի, ցանկանում եմ, որ ժամանակակից Կրկես ունենանք: Ցավով պետք է նշեմ, որ Բաքուն արդեն երկրորդ կրկեսն ունի, իսկ մենք դեռ մեկն էլ չունենք:

Իսկ այս ընթացքում ինչո՞վ է զբաղված Կրկեսի ստեղծագործական անձնակազմը:

Շատերը կարծում են, որ եթե շենքը պատրաստ չէ, ուրեմն ստեղծագործական կոլեկտիվը ոչինչ չի անում: Բայց ցանկանում եմ ասել, որ մենք մեկ օր էլ չենք դադարել աշխատել: Ագաթանգեղոսի 5 հասցեում տարածք ունենք, որտեղ էլ իրականացվում է ստեղծագործական աշխատանքը: Հիմնականում մեկնում են արտասահման՝ հյուրախաղերի: Իսկ նրանք, ովքեր այստեղ են, միասին զորամասեր ենք գնում, մարզեր…

Շատերը կարծում են, թե կրկեսը թատրոն է ու այսօր Սունդուկյան պետք է բեմադրեն, վաղը Հրանտ Մաթևոսյան, մյուս օրն էլ՝ Շեքսպիր: Կրկեսի դերասանը հյուրախաղերի է մեկնում: Օրինակ Ենգիբարյանը 3 անգամ է եղել Երևանում: Սա հյուրախաղային հիմնարկ է:

Հիմա էլ Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում լայնամասշտաբ ընդունելություն է: Տարիքային սահմանափակում չկա, դասընթացներն անվճար են, որովհետև մեզ մոտ հարուստները չեն գալիս, միջին խավն է: Հարուստներն իրենց երեխաներին կարատեի, բռնցքամարտի կամ պարի են տանում: Մոդա է: Բայց պետք է ասեմ՝ ցավում եմ, դուք սխալ եք: Կրկեսը արվեստ է՝ բոլորի համար: Կրկեսը որպես խաղային բանահյուսության և խորհրդապաշտական արվեստի հնագույն ձևերից, հայ միջնադարում եղել է թատրոնի ամենաընդունված տեսակը:
Գրական սակավաթիվ վկայություններից ամենահինը վերաբերում է V դարին: «Մի ուրիշը,-գրում է Եզնիկ Կողբացին,-արջի ձախը աճեցնելով, վարժեցնում է որպես պարող ու նմանեցնելով մարդկանց բնավորությանը, մեղմացնում է գազանաբարոյին: Եվ ուրիշները բռնելով անապատային կապիկները, (նրանց) վարժեցնում են որպես խեղկատակներ, դիմածռիկներ և խիստ չարաճճիներ: Ոմանք էլ իժակերպ արքայական օձերը բռնում կախարդություններով ընտելացնում են մարդկանց` ոչնչացնելով (նրանց) մահացու թույները»:
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ի մեջ ոմն Հովհան եպիսկոպոս ներկայանում է պալատական խեղկատակի տեսքով. նա թագավորի առաջ ձեռքերի և ոտքերի վրա ընկնելով` չորեքթաթ էր տալիս:
Կիլիկյան աղբյուրներում տեղեկություններ կան հեծելախաղային կրկեսի մասին: Միջնադարում կրկեսը եղել է նաև ուժային ցույցերի, կռփամարտի և ըմբշամարտի վայր:

Ո՞ր տարիքից կարող են դիմել ստուդիա և որքա՞ն է ուսման տևողությունը:

-Կարող են դիմել 6 տարեկանից սկսած: Ինչ վերաբերում է ուսման տևողությանը, ապա մեկը հնարավոր է 3 տարում է կրկեսային համար պատրաստում, մյուսը՝ 5, մեկ ուրիշն էլ՝ 10:

Դասավանդում եմ Երևանի պետական թատերական ինստիտուտում ու տեսնում եմ, որ ահագին մարդիկ են ավարտում ու անգործ մնում, և, եթե գործ էլ ունեն, ապա 50.000-60.000 դրամ աշխատավարձ են ստանում ու սահմանափակվում դրանով: Արդյո՞ք չգիտեն տեղը: Տվեք ինձ կրկեսային նորմալ համար, 5 օրից ուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա՝ կնքելով լավագույն ու շահավետ պայմանագրերը:

Գիտական թեզեր էին պաշտպանում՝ նվիրված թատրոնին, կինոյին, գեղանկարչությանը, իսկ կրկեսի մասին ոչ ոք չէր գրում: Ջղայնացա ու գիտական թեզ պաշտպանեցի՝ ներկայացնելով կրկեսի պատմությունը, գեղարվեստական արժանիքները, իսկ վերջերս լույս տեսավ իմ գիրքը՝ նվիրված հայկական կրկեսին:

Ո՞րն է կրկեսի առանձնահատկությունը:

-Օրինակ թատրոնում Օթելլոյի, Համլետի վերլուծությունը տալու համար ինձ անհրաժեշտ է 3-4 ժամ, բայց կրկեսում 1 համարը տևում է 4-5 րոպե և այդ ընթացքում պետք է ամփոփել կարողանաս ու կրկեսային լեզվով ցույց տաս այն, ինչ պետք է:: Եվ, եթե նախկինում կարող էին գալ, ոչինչ չանել, պարզապես գնդակ նետել ու գնալ, հիմա առանց դերասանի վարպետության անհնար է: Ենգիբարյանն առաջինն էր, որ կրկեսը կարողացավ սինթեզել թատրոնի հետ: Նա հիմիկվա «կլոունների» նման չէ, որ գա, շորը հանի, ծիծաղեն:  Նրա ամեն մի ժեստը կերպարի մեջ էր:

Կցանկանայի խոսեինք նաև ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի՝ Ձեր կյանքում ունեցած դերի մասին: Ասում են՝ նա է Ձեզ  դեպի կրկեսին կապող գլխավոր  «մեղավորը»:

-Ծնվել եմ Թբիլիսի քաղաքում: Ամբողջ օրը դերասանների հետևից ընկած նայում էինք նրանց խաղին: Հետո Ենգիբարյանի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը տեսա: Նայեցի մոտ 300 անգամ.սիրահարվել էի նրան, աղջիկներին… Մնում էր սովորելը, բայց խմբակ չկար, հեռուստատեսությունն էլ նոր էր: Հետո տեսա, որ հայկական կոլեկտիվը եկել է Թիֆլիս՝ կրկեսում աշխատելու: Հայրս տարավ, նայեցի ու խնդրեցի, որ տանի Ենգիբարյանի մոտ: Մեկ ամսի գնաց-եկավ, վերջը Ենգիբարյանն ասել էր, թե բեր: Գնացի..նայեց՝ ինչեր եմ անում, ասաց. «Սոսի՛կ, դու ինձանից հետո կլինես երկրորդ հայը, որ կընդունվես Մոսկվայի պետական կրկեսային ուսումնարան»: Նա խոստացավ գրություն ուղարկել՝ դպրոցս ավարտելուն պես: Ես դպրոցում վատ էի սովորում, էս հերս էլ ճարպիկ մարդ էր, հաջորդ օրը գնացել էր Ենգիբարյանի մոտ ու խնդրել, որ նա ասի, թե պետք է լավ սովորեմ դպրոցում, ու եթե ոսկե մեդալով չավարտեմ՝ չեմ ընդունվի ուսումնարան: Հետո եկավ, թե Ենգիբարյանը քեզ կանչում է: Գնացի, ասաց.

Սոսիկ, դպրոցը մինչև ոսկե մեդալով չավարտես, չես կարող գնալ Մոսկվա: Ու ես եղա միակ հայը, որ Հավլաբարում ոսկե մեդալ ստացա: Գնացի Մոսկվա..անցան տարիներ..մոտեցավ 1970 թվականը, արդեն ավարտում էի: Ալլա Պուգաչովան վազելով եկավ, թե Ենգիբարյանը դահլիճում է: Որ սա լսեցի, ոտքերս թուլացան ու չեմ հիշում, թե ինչպես համարս սկսեցի ու վերջացրեցի:  Սպասում էի՝ տեսնես կհիշի՞: Եկավ...հիշել էր...ասաց, որ այսօրվանից ինձ վերցնում է հայկական կրկեսային կոլեկտիվ:

Երկար ժամանակ շփվել եք նրա հետ: Ինչպիսի՞ մարդ էր:

Ես զգում էի, որ նա մեծ մարդ է:  Ինչ որ հնանում էր ու նա գցում էր, ասենք՝ անձրևանոց, գլխարկ, զգեստ, գնում-վերցնում ու պահում էի: Հիմա Երևանի կրկեսում թանգարան կլինի ու այդ ամենը կներկայացնեմ:

Հիշում եմ՝ մեկ օր կաշվե բաճկոն էի հագել, ասաց՝ դա դուրս գալիս է, արի փոխենք, աղջկա հետ հանդիպման եմ: Փոխեցինք:  Ինքը հանրակացարանում էր մնում: Գիտեր, որ հայրս առևտրի ցանց ունի, պարտքով գումար խնդրեց: Ես իր կոստյումը չէի հագել, երկու օր հետո գնամ-տեսնեմ՝ գրպանում 2 ամսվա աշխատավարձն է: Ինքը չէր հիշում, թե որտեղ ինչքան է ծախսում: Ասացի՝ ահա Ձեր գումարը: Ընդ որում, նա ամիսը ստանում էր 4000 ռուբլի, մենք՝ 60: Գնահատեց ազնվությունս:

Շատերը նրա մասին կարծիք են կազմում «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմով, որը նկարահանվել է 1963 թվականին:  Այդ ժամանակ նա 100 տոկոսի 10 տոկոսն էր:

Այս տարի Ենգիբարյանի 80 ամյակն է: Միջոցառումներ լինելո՞ւ են:

Իհարկե: Ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին Մոսկվայի տանը միջոցառում կլինի, իսկ սեպտեմբերի 30-ին տեղի կունենա մեծ միջոցառում, կժամանեն բազում հյուրեր՝ տարբեր երկրներից:

 

Աղբյուր`
 
 
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության