Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Կրկեսի շինարությունը նախատեսված է ավարտել մինչև մյուս տարվա վերջ

 


 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կրկեսի նոր շենքում, ի տարբերություն հին շենքի, մանեժների փոփոխություն կլինի, և  հնարավոր կլինի մեծ ատրակցիոններ հրավիրել: «Գիտեմ, որ մեր ժողովուրդը կրկես սիրող է, բայց խնդրում եմ մի փոքր էլ սպասել: Չեմ կարող վերջնաժամկետ ասել, բայց նախատեսված է մինչև մյուս տարվա վերջ ավարտել շինարարությունը»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 29-ին հրավիրված ասուլիսում նշեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Նա հավելեց, որ եթե կրկեսը փակվել է՝ չի նշանակում, որ այն չի գործում: Բոլոր դերասաններն ու կենդանիներն այժմ արտասահմանյան շրջագայությունների են: «Ես ձեզանից շատ եմ ուզում, որ կրկեսը բացվի»,- նշեց Սոս Պետրոսյանը:

Երևանյան կրկեսը տարին ենգիբարյանական է հռչակել, քանի որ այս տարի լրացել է Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը: Սոս Պետրոսյանը փաստում է՝ սեպտեմբերին հոբելյանի առթիվ ՀՀ մշակույթի նախարարության հետ մեծ միջոցառում են կազմակերպելու, իսկ ապրիլի 30-ին Մոսկվայի տանը տեղի կունենա փոքրիկ ներկայացում:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով՝ Լեոնիդ Ենգիբարյանը բացառիկ երևույթ էր, և որքան կրկեսինն էր, այնքան էլ մնջախաղինը: «Ապրիլի 30-ին կայանալիք միջոցառումն ավելի շուտ հուշ-երեկո է լինելու, որին մասնակցելու են ինչպես կրկեսի, այնպես էլ մնջախաղի արտիստներ: Վստահ եմ, որ սեպտեմբերին ավելի խոշոր միջոցառում տեղի կունենա, որովհետև մենք չենք կարող շրջանցել այս հոբելյանը: Ճիշտ է, սա պայմանական հոբելյան է, քանի որ մեր հուշերում նա միշտ երիտասարդ կմնա, բայց պետք է կարողանանք այն պատվով նշել»,-ասաց Դադասյանը:

Դերասան, կրկեսի արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականին Մոսկվայում: Սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, զբաղվել է բռնցքամարտով: 1959թ ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը և եղել հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են` «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները» և այլն: Ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ: 1956-ից նկարահանվել է կինոյում: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում: 1971թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է 37 տարեկանում: 1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան, կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը:

Աղբյուր`
 
 
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության